Կիրակի օրը կատալոնացիները պատրաստվում են անկախության հանրաքվեի: Իսպանիայի իշխանությունները քվեարկությունն անվանում են անօրինական, դաշնային դատարանները արգելել են հանրաքվեն: Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է բարձրաստիճան կատալոնցի պաշտոնյաներին և խուզարկություններ է արել շրջանային գերատեսչություններում: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կտրուկ հայտարարություն է արել. «ՈՒզում եմ հանգիստ ու հաստատ ասել` ոչ մի հանրաքվե չի լինի»: Կատալոնիայի վարչապետ Կառլես Պուչդեմոնի խոսքով` նոր հանրաքվեի անցկացման որոշումը միակողմանի ընդունվել է Մադրիդի կենտրոնական կառավարության հետ քվեարկության կազմակերպման մասին պայմանավորվելու անհաջող փորձերից հետո:
Սակայն հուլիսին արված հարցման արդյունքներով հանրաքվեի անցկացման կողմ էր 41 %-ը, դեմ` 49 % -ը: Երկուշաբթի օրը Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեում մեծամասնությունը` 92 %, քվեարկեց հանուն անկախության: Իրաքյան քրդերի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարեց, որ քվեարկության արդյունքները չեն հանգեցնի անկախության անհապաղ հայտարարման, բայց կբացեն բանակցությունների դուռը:
Հանրաքվեի հայեցակարգը վերջերս երկրորդ շնչառությունն է բացել: Սկզբում Շոտլանդիան, հիմա Քրդստանն ու Կատալոնիան, հետո մեկ էլ տեսար բասկերն ու ֆլամանդացիները սկսեն: Ընդհանրապես համաշխարհային հանրությունը այդ հարցով փորձ ունի: Կոսովոյի անկախության հանրաքվեն 1991-ին էր: Ճիշտ է` հանրաքվեի ու անկախության հռչակման միջև 17 տարի կար, բայց 2008-ից Կոսովոն 110 պետություն է ճանաչել, կեսը` առաջին տարում:
Էրիտրեայի անկախության հանրաքվեն 1993-ին էր, որին նախորդել էր անկախության համար 30 տարվա զինված պայքար: Հանրաքվեից մեկ ամիս հետո ՄԱԿ-ը պաշտոնապես երկիրը ճանաչեց:
2011-ին հանրաքվեի արդյունքում քարտեզին հայտնվեց Հարավային Սուդանը: Արժի հիշել Արևելյան Թիմորը, որ անկախություն ձեռք բերեց 1999-ին: Արևելյան Թիմորը անկախ պետություն ճանաչվեց 2002-ին, մինչև այսօր կարգուկանոնը երկրում խաղաղապահներն են ապահովում, հիմնականում` ավստրալիացի: Սակայն ամբողջ շարք ինքնահռչակ պետական կազմավորումներ միջազգային հանրությունը չի ճանաչում կամ ճանաչում է խիստ պայմանական: Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրը, Սոմալիլենդը: Այդ ցանկում է և 2014-ի Ղրիմի հանրաքվեն, որի արդյունքներով թերակղզին փաստացի հայտնվեց Ռուսաստանի կազմում, բայց մնացած աշխարհը դա չնկատեց: Բոլո՞րը կարող են առանձնանալ:
Ընդհանրապես` նոր պետական կազմավորման ճանաչումը գլխավոր հանգամանքն է, որ որոշում է նրա հետագա կենսունակությունը: «Կոսովոյի անկախությունը ճանաչեց աշխարհի պետությունների մեծ մասը,- հիշեցնում է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դոցենտ Գլեբ Բոգուշը։-ՈՒրիշ դեպքերում մենք տեսնում ենք, որ նոր պետություններին ճանաչում են միայն այլ չճանաչված պետությունները: Հավանականության բարձր աստիճանով կարելի է ասել, որ Կատալոնիայի անկախությունը հազիվ թե ճանաչի ԵՄ-ի գոնե մեկ պետություն կամ միջազգային հանրության նշանակալից մասը: Կա քաղաքական պրակտիկա` հիմնված այն իրողությանը, որ պետություններին հարմար է այդ ստատուս քվոն»:
Սահմանների վերանայման հարցը, առավել ևս Եվրոպական մայր ցամաքում, որտեղ նախկինում անխուսափելի հանգեցրել է պատերազմի, բոլորովին էլ պատահական չէ: Միջազգային իրավունքի երկու սկզբունքները` ազգի ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականության սկզբունքը, գոյություն ունեն իրարից անկախ: Միջազգային իրավունքը որևէ մեկին մյուսի նկատմամբ գերակայություն չի տալիս:
«Այդ պատճառով և Կատալոնիայի, և Քրդստանի դեպքում առանցքային հարց է, թե ինչպես հանրաքվեին կվերաբերվեն այն պետությունները, որոնց հետ Կատալոնիայի ու Քրդստանի նոր իշխանությունները կցանկանան հարաբերությունների մեջ մտնել,-կարծում է իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Սերգեյ Գոլուբոկը:- Կհետևեն նրանք իսպանական կամ իրաքյան սահմանադրական կարգին, որ միանշանակ այդ միակողմանի գործողությունները անօրինական կճանաչի, կամ հաշվի կառնեն ազգերի ինքնորոշման իրավունքը, որ հռչակված է մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերում»:
Հաջող, այսինքն` միջազգայնորեն ճանաչված անկախությունների հռչակման վերջին ալիքը ավարտվեց մեր հազարամյակի սկզբին: Դրանից հետո միակողմանի անկախության հայտարարության փորձերը արևմտյան աշխարհը դադարեց ողջունել:
Շատ քաղաքագետներ ազգայնականության աճը աշխարհում, հատկապես արևմտյան երկրներում, դիտարկում են իբրև մասնավոր դեպք` վերջին տասնամյակներում հաստատված աշխարհակարգից հիասթափության հետևանքով, յուրատեսակ «վերադարձ արմատներին», անցած ժամանակների նոստալգիա, երբ խոտն ավելի կանաչ էր, իսկ ջուրն ավելի թաց:
Այստեղ են և կենտրոնախույզ հոսանքները ԵՄ-ում (անցած տարի Մեծ Բրիտանիայի հանրաքվեն դրա գագաթնակետն էր), և բացահայտորեն ազգայնական կուսակցությունների հանրաճանաչության աճը, և «բազմամշակութայնություն» կոչված կառույցի ձախողման լուռ ընդունումը:
ՙՄիջազգային հանրության սկզբնական դրական վերաբերմունքը այդօրինակ իրադարձություններին բացատրվում է նրանով, որ դրանք գաղութային համակարգի փլուզման մասնավոր դեպքեր էին: Մինչև հիմա շատ իրավաբան-միջազգայնագետներ ինքնորոշման սկզբունքի գործունեությունը սահմանափակում են այսպես կոչված ՙգաղութային՚ դեպքերով՚,- ասում է Գլեբ Բոգուշը:
Ինքնորոշու՞մ, թե՞ ամբողջականություն: Կարևոր է, թե հատկապես ի՞նչ կերպ է դրսևորվել ժողովրդական կամահայտնությունը: Համաշխարհային հանրության Ղրիմի հանրաքվեին ներկայացրած առարկությունը նաև կազմակերպման առումով էր, արդեն չասած` թերակղզու տարածքում լավ զինված ՙքաղաքավարի մարդկանց՚ ներկայության մասին: Ի դեպ, Արևելյան Թիմորի հանրաքվեն նույնպես առանց զինվորականների չանցավ, բայց նրանք ներկա էին ՄԱԿ-ի մանդատով:
Քվեարկությունը Կատալոնիայում (եթե կայանա) և հանրաքվեն Քրդստանում միջազգային իրավունքի տեսակետից լեգիտիմ են` ասում է Սերգեյ Գոլուբոկը. «Անկասկած, կատալոնացի ու քուրդ ազգեր գոյություն ունեն, և շատ կարևոր է, որ նրանք իրենց դիրքորոշումը արտահայտել են խաղաղ ճանապարհով` ընտրված, լեգիտիմ ներկայացուցիչների միջոցով: Կասկած չկա, որ և Կատալոնիայի նշանակված հանրաքվեն, և Քրդստանում անցկացված հանրաքվեն արտահայտում են ժողովրդի, ազգի կամքը»:
Քրդստանի ու Կատալոնիայի դեպքում վիճակը բարդացնում է փաստը, որ այն պետությունների սահմանադրությունները, որոնց կազմում նրանք գտնվում են, արգելում են երկրի մասնատմանն ուղղված գործողությունները: Եթե Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ էր ճանաչել 2014-ի Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքները դրական ելքի դեպքում և շոտլանդական խորհրդարանի հետ խորհրդակցություններ սկսել այդ արդյունքները իրականացնելու համար, ոչ Իրաքում, ոչ Իսպանիայում կառավարությունները պատրաստ չեն նույնիսկ այդ թեման քննարկել:
Մադրիդը տիտանական ջանքեր է գործադրում հանրաքվեն խափանելու համար: Իրաքում հանրաքվեն հնարավոր դարձավ, վերլուծաբաններից շատերի կարծիքով, կենտրոնական իշխանության թուլության պահին, որ պայքարում է ԻՊ-ի զինյալների դեմ, որոնց դուրսմղմանը Իրաքից ոչ քիչ նպաստել են ինքնապաշտպանության քրդական ջոկատները:
Անկախության միակողմանի հռչակումը երջանկության դժվար ճանապարհ է: Չճանաչված պետությունը չի կարող անդամացել ՄԱԿ-ին կամ ԵՄ-ին, չի կարող օգտվել միջազգային ֆինանսական ինստիտուտների ծառայություններից, նրա քաղաքացիների իրավունքները, այլ երկրների քաղաքացիների համեմատությամբ, սահմանափակված են: Կա նոր կազմավորված պետությունների տարածքային վեճերի հավանականություն հարևանների հետ, իսկ դա արյունահեղության հեռանկար է: Կան նաև տնտեսական դժվարություններ` չփոխարկվող տարադրամ, ներդրումների ներգրավման բարդություններ, մերձավոր հարևանների տնտեսական պատժամիջոցներ, գուցե նաև առևտրային շրջափակում: Այնուհանդերձ, այդպիսի նորահայտ պետությունը լիովին կարող է գոյություն ունենալ:
«Անհավանական ոչինչ չկա իր անկախությունը միակողմանի հայտարարած և մյուս պետությունների կողմից չճանաչված պետական կազմավորման գոյության համար, այդ պատճառով միջազգային իրավունքի տեսակետից պետության կարգավիճակ չունեցող, բայց դեֆակտո գործող պետություններ կան` իրենց տարածքում արդյունավետ վերահսկողության պայմաններում»,- բացատրում է Սերգեյ Գոլուբոկը:
Լավ օրինակ է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, որ Թուրքիայից և իսլամական համագործակցության կազմակերպությունից բացի ոչ մի երկիր չի ճանաչել, բայց դա չի խանգարում 1975-ից գոյություն ունենալ (ճիշտ է` Թուրքիայի ակտիվ աջակցությամբ): Կղզու միավորման ծրագիրը, որ հայտնի էր «Անանի ծրագիր» անունով, 2004-ին ձախողվեց: Իսկ կենսամակարդակը, թեկուզ ոչ բարձր, չի զիջում միջազգայնորեն ճանաչված Արևելյան Թիմորին կամ Էրիտրեային: Մյուս օրինակը` Լեռնային Ղարաբաղը, որ ճանաչել են միայն Հարավային Օսիան, Աբխազիան և Մերձդնեստրը` պետական կազմավորումներ, որ իրենց խնդիրներն ունեն միջազգային ճանաչման հետ: Եվ` Ավստրալիայի Նոր Հարավային ՈՒելսի խորհրդարանն է Ավստրալիայի կառավարությանը կոչ արել պաշտոնապես ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը: Սակայն միջազգային ճանաչման և ՄԱԿ-ում սեփական տեղի բացակայությունը չի խանգարում Ղարաբաղին գոյություն ունենալ, թեպետ ոչ առանց դժվարությունների:
Այնպես որ անկախ Կատալոնիան լիովին կարող է հայտնվել քարտեզներին: Կատալոնիայում տպագրված:
Միխայիլ ՍՄՈՏՐՅԱԵՎ, BBC
Հ.Գ. Թերևս պատահական չէ, որ վերնագրում ստորակետը դրված չէ` անհայտ թողնելով` գնալ, թե մնալ: Քրդստանը հանրաքվեն արեց ու չի հայտարարում իր անկախությունը, Կատալոնիան կարող է և ոչ ասել իր անկախությանը, ինչպես Շոտլանդիան արեց: Անկախության ոչ մի դեպք մյուսին նման չէ: ՈՒղղակի աշխարհն ունի ընկալման խնդիր և փորձում է ընդհանուր օրինաչափություններ հաստատել ու ընդհանրական լուծումներ տալ առանձին դեպքերին:
Մասնավորապես` Լեռնային Ղարաբաղում կայացած հանրաքվեն համապատասխանում է բոլոր չափանիշներին, նաև` «գաղութայինի» պահանջին` եթե նկատի ունենանք ԽՍՀՄ-ի փլուզումը: Եվ բացի չճանաչված պետություններից ճանաչել են նաև ԱՄՆ-ի ութ նահանգներ` կոչ անելով Վաշինգտոնին ճանաչել: Փաստացի` ճանաչման-չճանաչման խնդիրը ոչ թե անկախացող պետական կազմավորումներինն է, այլ միջազգային հանրությանը, որ մեծագույն դժվարությամբ է խաղի կանոնների փոփոխություն ընդունում: Տարածքային ամբողջականությունը շատ հարմար սկզբունք է, վիճարկումը վտանգում է բազմազգ պետությունների գոյությունը, որոնց սահմանները հաստատվել են պատերազմներով կամ քաղաքական անհավասար գործարքներով, որ հաշվի չեն առել էթնիկ բնակչության արեալները ու պատմական իրողությունները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ